Օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևն ու Լուսինը (Հարթման Շեդել, «Նյուրնբերգյա ժամանակագրություն», 1493)

Օր, ժամանակի չափման միավոր, մոտավորապես հավասար է այն ժամանակին, որի ընթացքում Երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ[1]։ Սովորաբար «օր» ասելով նկատի է առնվում արևային օր աստղագիտական հասկացությունը, որով կոչվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում Արևը երկու անգամ հասնում է երկնքում իր ամենաբարձր կետին[2]։

1960 թվականին օրը վերասահմանվել է Երկրի ուղեծրային շարժման հիման վրա և ներառվել Միջազգային համակարգի հիմնական միավորների շարքում։ Օր չափման միավորը վերասահմանվել է որպես 86,400 ՄՀ վայրկյան և նշանակվել d։ Քաղաքացիական օրը սովորաբար կազմված է 86 400 վայրկյանից՝ գումարած կամ հանած կոորդինացիոն վայրկյանը Համաշխարհային կոորդինացված ժամանակում (UTC), իսկ երբեմն էլ ավելացրած կամ հանած այն մեկ ժամ այն վայրերում, որոնք անցնում են ամառային ժամանակի[1][2]։ Օրն ունի 24 ժամի (1440 րոպե, կամ 86400 վայրկյան) և պայմանականորեն բաժանվում է չորս մասի՝ առավոտ, կեսօր, երեկո և գիշեր։ Օրացուցային օրերը կազմում են շաբաթներ, ամիսներ, տարիներ։

Որպես օր սովորաբար առանձնացվում է այն 24 ժամը, որ ընկած է մեկ կեսգիշերից մինչև հաջորդը և համապատասխանում է իր առանցքի շուրջը Երկրի մեկ պտույտի ժամանակին[3]։ Սակայն այն կարող է նշանակել տարբեր ժամանակահատվածներ՝ կախված համատեքստից, օրինակ՝ եթե ասվում է «օր ու գիշեր», որպես օր նկատի է առնվում երկու գիշերների միջև ընկած ժամանակահատվածը, այսինքն՝ արևածագից մինչև մայրամուտ[4], ցերեկը, որ ընկած է մի գիշերվանից մինչև մյուսը[5]։ Օր բառը կարող է վերաբերել նաև շաբաթվա օրվան կամ օրացուցային օրվան, օրինակ՝ երբ հարցնում են. «Ո՞ր օրը»։ Մարդու և բազմաթիվ կենդանիների կենսաբանական ռիթմերը կախված են Երկրի արևային օրվանից և գիշեր-ցերեկ հերթագայությունից։

Երկրի պտույտը իր առանցքի շուրջը

Օրն աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղային (2) և արևային (3) օրերի տևողությունների համեմատությունը ուղեծրային և սեփական պտույտների համընկնման դեպքում

Մոլորակի վրա օրվա տևողությունը կախված է նրա պտտման անկյունային արագությունից։ Աստղագիտության մեջ տարբերում են օրերի մի քանի տիպեր՝ կախված հաշվարկման համակարգից։ Եթե որպես պտույտի հաշվարկման կետ վերցվում է հեռավոր աստղ, ապա ի տարբերություն մոլորակային համակարգի կենտրոնական լուսատուի, այդպիսի օրերը ունեն այլ տևողություն։ Օրինակ՝ Երկրի վրա տարբերակվում են միջին արևային օրեր (24 ժամ) և աստղային օրեր (մոտավորապես 23 ժամ 56 րոպե 4 վայրկյան[6])։ Նրանք հավասար չեն միմյանց, որովհետև Արևի շուրջը Երկրի ուղեծրային շարժման պատճառով Երկրի մակերևույթին գտնվող դիտողի համար Արևը պտտվում է հեռավոր աստղերի ֆոնին։

Միջին արևային օրերը կապված են կեղծ «միջին Արևի»՝ երկնային հասարակածող հավասարաչափ շարժվող կետի հետ, որը կատարում է մեկ պտույտ մեկ տարվա ընթացքում։ Միջին օրն ստացվում է արևադարձային տարվա տևողությունը (366,2422 աստղային օր) 365,2422 հավասար մասերի բաժանելիս։ Նրանք էլ իրենց հերթին բաժանվում են 24 ժամի, ժամը՝ 60 րոպեի, իսկ րոպեն՝ 60 վայրկյանի[6]։

Իսկական արևային օր կոչվում է երկու վերին կուլմինացիաների (Արևի կենտրոնի՝ միջօրեականի հարավային մասով (հյուսիսային կիսագնդի համար) երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակահատվածը, այլ կերպ ասած՝ երկու իսկական կեսօրների միջև ընկած ժամանակահատվածը)։ Որպես այդ օրվա սկիզբ ընդունվում է Արևի կենտրոնի՝ միջօրեականի հարավային մասով անցնելու պահը, Արևի կենտրոնի ժամային անկյունը կոչվում է իսկական ժամանակ։ Իսկական արևային օրը երկար է աստղային օրվանից և նրանց տևողությունը չափվում է տարվա ընթացքում, ինչը կախված է հասարակածի հարթության նկատմամբ խավարածիրի թեքությունից և Արևի շուրջը Երկրի ոչ հավասարաչափ շարժումից[6]։

Միավորների միջազգային համակարգ (ՄՀ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի օր չափման միավորը (միջազգային՝ d) պատկանում է չափման ոչ համակարգային միավորների թվին և ՄՀ-ի կազմում չի ընդգրկվում։

Մեկ օրը հավասար է 86400 վայրկյանի[7]։ ՄՀ-ում վայրկյանը սահմանվում է որպես կայուն վիճակում գտնվող 133Ցեզիումի ատոմի երկու գերբարակ մակարդակների միջև անցմանը համապատասխանող ճառագայթման 9 192 631 770 պարբերություններին հավասար ժամանակահատված[8]։ Համապատասխանաբար, օրը հավասար է 794243384928000 այդպիսի պարբերությունների։

Աստղագիտության մեջ օրը, որ սահմանվում է ՄՀ վայրկյանների միջոցով, կոչվում է հուլյան օր։

Միջին արևային օրերը պարունակում են ոչ ամբողջ թվով վայրկյաններ (օրինակ՝ նրանց տևողությունը 2000,0 դարաշրջանում հավասար է եղել 86400,002 վայրկյանի), ընդ որում՝ միջին արևային օրվա տևողությունը նույնպես անկայուն է Երկրի պտույթի անկյունային արագության փոփոխությունից, որին ենթարկվում է դարի ընթացքում։

Օրվա մշակութային սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցերեկային կենդանիների մեծ մասի համար օրն սկսվում է արևածագից և ավարտվում մայրամուտին։ Մարդը, ունենալով իր մշակութային ավանդույթներն ու գիտելիքները, ձևավորել է սեփական պատկերացումներն օրվա սկզբի և օրը մասերի բաժանելու մասին։

Հնում մարդն ժամանակի բաժանումը կատարել է ցերեկվա ու գիշերվա առանձնացմամբ։ Ցերեկն ու գիշերը մեկ օր համարելու մասին ամենավաղ հիշատակումը հանդիպում է Հոմերոի մոտ, ընդ որում՝ օրը նրա ստեղծագործություններում սկսվում է արևածագից։

Հրեական օրն սկսվում է կամ արևի մայր մտնելու հետ, կամ էլ մթնաղին (երբ հայտնվում են երրորդական մեծության աստղերը)։ Քրիստոնեական եկեղեցին ու միջնադարյան Եվրոպան հետևել է այդ ավանդույթին, որն Արևմուտքում հայտնի է որպես «ֆլորենտական հաշվարկ»։ Ըստ այդ համակարգի՝ «ժամը երկուսին» արտահայտությունը նշանակել է «մայրամուտից երկու ժամ անց»։ Այնպիսի հատուկ ամսաթվեր, ինչպիսիք են Ճրագալույցը, Հելոուինը, որոնք նշվում են երեկոն սկսվելու հետ, հին ավանդույթների մնացորդներն են, երբ կրոնական տոներն սկսել են նշել նախորդ օրվա երեկոյան։

Իսլամում օրը հաշվում են արևի մայր մտնելուց մինչև հաջորդ մայրամուտ, այսինքն՝ հորիզոնում արևի լիովին անհետանալը նշանակում է նոր օրվա սկիզբը[9]։

Հին Եգիպտոսում մեկ օր համարվել է արևածագից մինչև հաջորդ արևածագ ընկած ժամանակահատվածը։

Առօրյա կյանքում գիշերը համարվում է նախորդ օրվա շարունակությունը։ Օրինակ՝ «ուրբաթ գիշերը» և «լույս ուրբաթի գիշերը» արտահայտություններն ունեն տարբեր իմաստ։ Սովորաբար գիշերային հաղորդումները ներառվում են նախորդ օրվա ծրագրում։ Գիշերը «այսօր», «երեկ» և «վաղը» արտահայտությունները դառնում են ոչ միանշանակ։

Միջազգային համաձայնություն օրվա սկզբի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ժամանակակից համաձայնություն քաղաքացիական օրվա վերաբերյալ, ըստ որի՝ օրն սկսվում է կեսգիշերին՝ ժամը 00:00 (ներառյալ) և ավարտվում ուղիղ 24 ժամ անց՝ ժամը 24:00 (չհաշված)։ Մինչև 1925 թվականը քաղաքացիական օրվանից բացի գոյություն է ունեցել նաև աստղագտական օր, որն սկսվել է կեսօրին։ Ծովագնացության մեջ ընդհուպ մինչև 19-րդ դարը օգտագործվել է նավիգացիոն կամ ծովային (անգլ.՝ nautical) օր, որը նույնպես սկսվել է կեսօրին, ինչպես աստղագիտական օրը, սակայն մեկ օրվա տարբերությամբ[10]։ Աստղագիտության մեջ օրվա սկիզբը կեսօրը հաշվելու մասին պայմանավորվածությունը մինչ օրս էլ գործում է հուլյան ամսաթվերով առաջնորդվելու դեպքում։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն օգտագործում է օդերևութաբանական օր հասկացությունը։ Ազգային օդերևութաբանական ծառայությունների գործունեությունը համակարգելու նպատակով օդերևութաբանական օրվա սկիզբը տարբեր ժամային գոտիների համար սահմանվել է ըստ UTC-ի.

  • 0 ժամ՝ 19-24 ժամային գոտիներ,
  • 6 ժամ՝ 13-18 ժամային գոտիներ,
  • 12 ժամ՝ 7-12 ժամային գոտիներ,
  • 18 ժամ՝ 1-6 ժամային գոտիներ։

Այսպիսով, օրինակ, Եվրոպայի երկրներում օդերևութաբանական օրն սկսվում է 18:00 (UTC). այդ ժամանակ ամփոփվում են օրվա արդյունքները, հաշվվում օդի ջերմաստիճանի միջին և էքստրեմալ ցուցանիշները և այլն[11]։ Եթե նշված ցանկում առաջին ժամային գոտին UTC+1 գոտին է[12], ապա ստացվում է, որ օդերևութաբանական օրը որոշակի տեղամասում կարող է սկսվել 19:00 մինչև 24:00 միջակայքում՝ ըստ պաշտոնական ժամանակի։

Օրվա հետ կապված հատուկ պայմանավորվածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակավոր անցագրերի և այլնի վավերականության ժամկետը կարող է ավարտվել կեսգիշերին։ Սակայն եթե ծառայություններ մատոցողի (օրինակ՝ հասարակական տրանսպորտ) փոփոխվող ժամանակացույցն ընդգրկում է, օրինակ, առավոտյան 6:00 մինչև հաջորդ գիշերվա 1:00 (որը կարող է նշվել նաև որպես 25:00), ապա վերջին ժամը կարող է օրինական կերպով դիտարկվել որպես նախորդ օրվա մաս։ Օրինակ՝ քաղաքային ավտոբուսով կամ տրոլեյբուով մեկ ամիս երթևեկելու թույլտվության վավերականության ժամկետն ավարտվում է հաջորդ ամսվա 1-ին միայն հասարակական տրանսպորտի անձնակազմի տվյալ հերթափոխն ավարտվելուց հետո։ «Nederlandse Spoorwegen» հոլանդական երկաթուղու օրական տոմսը վավերական է 28 ժամ՝ 0:00 մինչև 28:00 (այսինքն՝ հաջորդ օրվա 4:00)։ «London Regional Transport» (Լոնդոնի հասարակական տրանսպորտի) տոմսի վավերականության ժամկետն ավարտում է դրանց ակտիվացման հաջորդ օրվա 4:30։

Օրերի բաժանում մասերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասերի քանակը, որոնց բաժանվել է օրմ կամ ցերեկն ու գիշերն առանձին-առանձին, կախված է եղել տվյալ ժողովրդի զարգացման աստիճանից և մեծացել է մարդկության զարգացմանը զուգընթաց։ Նոր աշխարհի ժողովուրդների մեծ մասը օրը բաժանել է չորս մասի, որ համապատասխանել են արևի ծագելուն, ցերեկը նրա անցած ուղու ամենաբարձր կետին, արևի մայր մտնելուն և գիշերվա կեսին։ Ըստ ճանապարհորդ Գորրեբոուի վկայության, որը նկարագրել է Իսլանդիան 18-րդ դարի կեսերին, իսլանդացիները օրը բաժանել են 10 մասի։ Արաբները տարբերակել են միայն արևի ծագումը, նրա բարձրանալը և իջնելը, արևի մայր մտնելը, մթնշաղը, գիշերը, աքաղաղի առաջին կանչն ու լուսաբացը։ Սակայն նախկինում ոչ քաղաքակիրթ որոշ ժողովուրդների մոտ կարելի է գտնել օրվա համեմատաբար ճշգրիտ բաժանում, օրինակ՝ Ընկերության կղզիների բնիկները Ջեյմս Կուկի ժամանակներում օրը բաժանել են 18 մասի, որոնց տևողությունը եղել է ոչ միահավասար. առավել կարճ ժամանակահատվածները համապատասխանել են առավոտին ու երեկոյին, ամենաերկարները՝ կեսգիշերին ու կեսօրին[13]։

Օրվա բաժանում 24 հիմնական մասի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի հաշվարկման ժամանակակից համակարգերում ընդունված է օրվա բաժանումը հավասար տևողություն ունեցող 24 մասերի։

Օրվա այդպիսի բաժանում (բայց մասերի ոչ հավասար տևողություններով) առաջին անգամ հանդիպում է Հին Եգիպտոսում մեր թվարկությունից շուրջ 2100 տարի առաջ. ժամանակի մեջ կողմնորոշվելու այդ համակարգն ընդունել են եգիպտացի քրմերը։ Այդ օրերի 24 ժամերի թվում եղել է մեկ ժամ առավոտյան մթնշաղը, ցերեկվա ինը ժամերը, երեկոյան մթնշաղի մեկ ժամն ու գիշերվա տասներկու ժամերը։ Մեր թվարկությունից շուրջ 1300 տարի առաջ օրվա այդ բաժանումը բարեփոխվել է. օրվա լուսավոր ու մութ հատվածները բաժանվել են 12-ական մասի, ինչի արդյունքում «ցերեկային» ու «գիշերային» ժամերի տևողությունները փոխվել են՝ կախված եղանակից[14]։

Բաբելոնում նույնպես ցերեկն ու գիշերը բաժանվել են 12-ական ժամերի։ Համաձայն Հերոդոտոսի «Պատմության» (II, 109)՝ բաբելացիներից այդ համակարգը փոխառել են հույները, ավելի ուշ՝ հավանաբար եգիպտացիներից կամ հույներից այն վերցրել են հռոմեացիները։ Օրինակ՝ Հռոմում ձմեռը «ցերեկային ժամի» տևողությունը կազմել է շուրջ 45 րոպե։

Հին Հռոմում ցերեկային ժամերը միավորվել են չորս հավասար ժամանակամիջոցների, իսկ գիշերվա ժամերը միավորվել են «պահակության» (հսկողության ժամանակահատվածը) չորս ժամանակահատվածների (երկուսի մինչև կեսգիշեր, երկուսը՝ կեսգիշերից հետո), որոնցից յուրաքանչյուրը ներառել է երեք ժամ[15]։

Միջնադարյան Եվրոպայում օրը մասերի բաժանվել է ըստ եկեղեցական ժամերգությունների, որոնց սկիզբն ու տևողությունը որոշվել է ըստ հին հռոմեական օրացույցի[15]։

16-17-րդ դարերում Ռուսաստանում օրվա ժամերն ունեցել են հավասար տևողություններ, բայց կախված տարվ այս կամ այն ամսված որոշակի ամսաթվից՝ փոխվել է օրվա «ցերեկային» ու «գիշերային» ժամերի քանակը։ Նրանց թիվը տատանվել է 7-ից մինչև 17[16], ընդ որում՝ Կրեմլի ժամացույցներում շարժվել է թվատախտակը, իսկ միակ սլաքը մնացել է անշարժ[17]։ Ժամերգությունների այդ կարգը չեղարկվել է սինոդի կողմից 1722 թվականին, երբ նախկին ժամերի համակարգը փոխվել է ընդհանուր եվրոպականով, ընդ որում՝ օրվա սկիզբը սահմանվել է կեսգիշերը, ոչ թե առավոտը, ինչպես նախկինում էր[18]։

Օրերը հին Ռուսաստանում
Ժամանակաշրջան Ցերեկային ժամերի քանակ Ցերեկվա առաջին ժամի սկիզբը ժամանակակից կարգով Գիշերային ժամերի քանակ Գիշերվա առաջին ժամի սկիզբը ժամանակակից կարգով
27 նոյեմբերի – 1 հունվարի 7 8:30 17 15:30
2–16 հունվարի, 11–26 նոյեմբերի 8 7:21 16 15:21
17 հունվարի – 1 փետրվարի,
26 հոկտեմբերի – 10 նոյեմբերի
9 7:30 15 16:30
2–17 փետրվարի, 10–25 հոկտեմբերի 10 6:21 14 16:21
18 փետրվարի – 5 մարտի,
24 սեպտեմբերի – 9 հոկտեմբերի
11 6:30 13 17:30
6–20 մարտի, 8–23 սեպտեմբերի 12 5:21 12 17:21
21 մարտի – 5 ապրիլի,
23 օգոստոսի – 7 սեպտեմբերի
13 5:30 11 18:30
6–22 ապրիլի, 7–22 օգոստոսի 14 4:21 10 18:21
23 ապրիլի – 8 մայիսի,
23 հուլիսի – 6 օգոստոսի
15 4:30 9 19:30
9–24 մայիսի, 6–22 հուլիսի 16 3:21 8 19:21
25 մայիսի – 5 հուլիսի 17 3:30 7 20:30

Բաժանում 30 հիմնական մասի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում օրը մասերի բաժանելու հնագույն ավանդույթն իր արտացոլումն է գտել «Ատխարվա վեդայում»։ Համաձայն դրա՝ օրվա լուսավոր մասը (ցերեկ) բաժանվել է հինգ ժամանակաշրջանների՝ «ուդյան Սուրյա» (արևի ծագում), «սամհավա» (կովերի հավաքում), «մադհյամ դինա» (կեսօր), «ապարահնա» (կեսօրից հետո ընկած ժամանակահատված), «աստամ յան» (մայրամուտ)։ Վեդայական գրականության մեջ օրը բաժանվել է հավասար մասերի, բայց ոչ թե 24 մասի, այլ 30 «մուհուրտաների» (1 մուհուրտա = 48 րոպե)։ Մեկ «մուհուրտան» ներառել է 15 «կշիպրա» (1 կշիպրա = 3 րոպե 12 վայրկյան), մեկ «կշիպրան» կազմված է եղել 15 «էտարհիներից» (1 էտարհի = 12,8 վայրկյան), մեկ «էտարհին» ներառել է 15 «իդանի» (1 իդանի = 0,85 վայրկյան)[19]։

Բաժանում 12 հիմնական մասի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում Հան դինաստիայի տիրապետության տարիներից (206 մ.թ.ա. – 220 մ. թ.) սկիզբ է առել օրը տասներկու հավասար մասերի բաժանելու ավանդույթը՝ ըստ աստղագուշակի տասներկու կենդանիների թվի։ Այդ ավանդույթը հետագայում տարածվել է նաև Ճապոնիայում, Կորեայում և Վիետնամում։ Աստղագուշակի յուրաքանչյուր կենդանու հատկացվել է ժամանակ, որը պայմանականորեն կոչվել է «ժամ», օրինակ՝ «Առնետի ժամ» (կեսգիշեր) կամ «Ձիու ժամ» (կեսօր)[20]։

Օրվա ժամերի չինական ավանդական բաժանում
Ժամանակ Անվանում Անվան նշանակություն
23:00–01:00 Առնետի ժամ Այն ժամանակը, երբ առնետներն առավել ակտիվ են սնունդ որոնում։ Դրանից բացի, առնետներն առջևի ու հետևի ոտքերի վրա ունեն տարբեր թվով մատներ, ինչի շնորհիվ դարձել են «շրջադարձի», «նոր սկզբի» խորհրդանիշ։
01:00–03:00 Ցլի ժամ Այն ծամանակը, երբ եզներն սկսում են արոճ անել՝ դանդաղ ու հաճույքով։
03:00–05:00 Վագրի ժամ Այն ժամանակը, երբ վագրերն առավել կատաղի են՝ ռիսկի դիմելով որս գտնելու համար։
05:00–07:00 Ճագարի ժամ Այն ժամանակը, երբ հեքիաթային Լուսնային ճագարը Լուսնի վրա բուսական բուսահեղուկ է պատրաստում մարդկանց օգնելու համար։
07:00–09:00 Վիշապի ժամ Այն ժամանակը, երբ վիշապները ճախրում են երկնքում, որպեսզի անձրև գա։
09:00–11:00 Օձի ժամ Այն ժամանակը, երբ օձերը լքում են իրենց բները։
11:00–13:00 Ձիու ժամ Այն ժամանակը, երբ Արևը կանգնած է զենիթում, և երբ մյուս կենդանիները պառկում են հանգստանալու, իսկ ձիերը դեռ ոտքի վրա են։
13:00–15:00 Ոչխարի ժամ Այն ժամանակը, երբ ոչխարներն ու այծերը խոտ են ուտում և հաճախակի միզում։
15:00–17:00 Կապկի ժամ Կապիկների ակտիվ կենսագործունեության ժամանակը։
17:00–19:00 Աքաղաղի ժամ Այն ժամանակը, երբ աքաղաղները հավաքվում են իրենց խմբերով։
19:00–21:00 Շան ժամ Շան՝ շենքը պահպանելու իր պարտականությունները կատարելու ժամանակը։
21:00–23:00 Խոզի ժամ Այն ժամանակը, երբ խոզերն անխռով քնում են։

Բաժանում 22 հիմնական մասի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայաների հնագույն քաղաքակրթության օրացույցը ներառել է օրիգինալ համակարգ օրվա ժամանակի բաժանման համար։ Հին եգիպտացիների նման մայաներն օրը բաժանել են ցերեկային ու գիշերային հատվածների, որ ունեցել են տարբեր տևողություններ (ընդհանուր առմամբ՝ 22 մաս), բայց ի տարբերություն եգիպտական համակարգի՝ ցերեկը մայաների մոտ բաղկացած է եղել ոչ թե 12, այլ 13 ժամից, իսկ գիշերը՝ ինը[21]։

Բաժանում 10 հիմնական մասի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1793 թվականի հոկտեմբերի 5-ին, ներմուծվել է «տասնորդական ժամանակը»։ Կեսգիշերից մինչև հաջորդ կեսգիշերն ընկած ժամանակահատվածը բաժանվել է 10 տասնորդական ժամերի, ժամը՝ 100 տասնորդական րոպեի, իսկ րոպեն՝ 100 տասնորդական վայրկյանի։ Այդպիսով՝ կեսգիշերը եղել է ժամը 0:00:00, կեսօրը՝ 5:00:00 և այլն։ Ի տարբերություն հանրապետական օրացույցի՝ ժամանակի չափման այդ համակարգը բավական տարածում չի գտել և պաշտոնապես չեղյալ է հայտարարվել 1795 թվականին։ Այնուամենայնիվ, այն շարունակում է օգտագործվել նաև ներկայում՝ որոշ հատուկ դեպքերում, երբ դա հարմար է, ինչպես նաև հետևորդ-օրիգինալների կողմից։

Օրվա տևողություն փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապված Լուսնի ձգողականության հետ, որի տեսանելի արտահայտությունն են մակընթացությունները, Երկրի պտտման արագությունը գնալով նվազում է։ Հարյուրամյակի ընթացքում երկրային օրվա տևողությունն ավելանում է մոտավորապես 2 միլիվայրկյանով։

Օրվա տևողություն փոփոխությունը երկրաբանական ժամանակիչ ընթացքում ստուգվել է փորձնական ճանապարհով՝ հանածո մարջաններում օղակային գծերի հաշվարկման շնորհիվ։ Մարջանների արտաքին պատյանի վրա օղակների ձևով մնում է կալցիումի կարբոնատ. օղակների ձևավորման փուլայնությունը կապված է ինչպես ցերեկային լուսավորության, այնպես էլ պարբերական սեզոնային փոփոխությունների հետ. 1963 թվականին ամերիկացի հնէաբան Ջոն Ուեսթ Ուելսը (1907-1994) հայտնաբերել է, որ մարջանների արտաքին պատյանի վրա եղած օղակային գոյացությունների օգնությամբ կարելի է հաշվել այդ մարջանների կենսագործունեության ժամանակաշրջանում տարվա օրերի քանակը։ Հաշվի առնելով տարվա տևողությունը և Լուսնի ազդեցության պատճառով Երկրի պտույտի արագության փոփոխությունը՝ կարել է որոշել օրվա տևողությունն այս կամ այն երկրաբանական ժամանակաշրջանում[22][23]։

Ժամանակ Երկարաբանական ժամանակաշրջան Տարվա օրերի քանակ Օրվա տևողություն
Ներկա Անթրոպոգեն 365 24 ժամ
100 մլն տարի առաջ Յուրա 380 23 ժամ
200 մլն տարի առաջ Պերմ 390 22,5 ժամ
300 մլն տարի առաջ Կարբոն 400 22 ժամ
400 մլն տարի առաջ Սիլուր 410 21,5 ժամ
500 մլն տարի առաջ Քեմբրի 425 20,5 ժամ

Մարջանների ձևավորման ժամանակաշրջանից առաջ օրվա տևողությունն իմանալու համար գիտնականներն ստիպված են եղել դիմել կապտականաչ ջրիմուռների օգնությանը։ 1998 թվականին Տյանցզինի երկրաբանության և հանքային ռեսուրսների ինստիտուտի չինացի հետազոտողներ Չժու Շիսինը, Խուան Սյուեգուանն ու Սին Խոուտյանը վերլուծել են 1,3 մլրդ տարեկան ավելի քան 500 հանածո ստրոմատոլիտներ, որոնք աճել են հասարակածի շրջանում և թաղված են եղել Յանշան լեռներում։ Կապտականաչ ջրիմուռները օրվա լուսավոր ու մութ շրջանների փոփոխությանն արձագանքում են իրենց աճման ուղղության փոփոխությամբ և գույնով. ցերեկը նրանք բաց գույնի են և աճում են ուղղահայաց, գիշերն ունեն մուգ գույն և աճում են հորիզոնական։ Տվյալ օրգանիզմների արտաքին տեսքով, հաշվի առնելով նրանց աճման արագությունը և երկրաբանության ու կլիմայագիտության վերաբերյալ եղած գիտելիքները՝ հնարավոր է դարձել որոշել կապտականաչ ջրիմուռների տարեկան, ամսական ու օրական աճի ռիթմերը։ Ըստ ստացված արդյունքների՝ գիտնականները եզրակացրել են, որ 1,3 մլրդ տարի առաջ (Մինչքեմբրիի ժամանակաշրջան) երկրային օրը տևել է 14,91—16,05 ժամ, իսկ տարին կազմված է եղել 546-588 օրվանից[24]։

Գոյություն ունեն այդ գնահատականի հակառակորդներ, որոնք նշում են, որ հնագույն մակընթացական նստվածքների, տայդալիտների ուսումնասիրությունների արդյունքները հակասում են դրան[25]։

Օրվա տևողության փոփոխությունը 1974-2015 թվականներին (ուղղահայաց՝ միլիվայրկյանների սանդղակ)

Երկար ժամանակահատվածում Երկրի պտտման արագության փոփոխությունից (և դրանից բխող օրվա տևողության փոփոխությունից) բացի օր առ օր չնչին չափով փոխվում է նաև մոլորակի պտտման արագությունը՝ կախված զանգվածի բաշխումից, օրինակ՝ միջին ջերմաստիճանի տատանման հետևանքով համաշխարհային օվկիանոսի կամ մթնոլորտի ծավալի նվազման պատճառով։ Համաշխարհային օվկիանոսի կամ մթնոլորտի սառեցման դեպքում Երկիրն ավելի արագ է պտտվում (և հակառակը), որովհետև գործում է իմպուլսի պահպանման օրենքը։ Օրվա միջին տևողություն փոփոխություն կարող են առաջացնել երկրաբանական իրադարձությունները, օրինակ՝ ուժեղ երկրաշարժները։ Այսպես, 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով օրվա տևողությունը նվազել է մոտավորապես 2,68 միլիվայրկյանով[26]։ Այդպիսի փոփոխությունները գրանցվում են և կարող են չափվել ժամանակակից մեթոդներով։

1967 թվականին Չափերի և կշիռների միջազգային կոմիտեն ընդունել է ֆիքսված վայրկյանը՝ անկախ Երկրի վրա արևային օրվա ընթացիկ տևողությունից։ Նոր վայրկյանը հավասար է ճառագայթման 9192631770 պարբերություններին, որը համապատասխանում է կայուն վիճակում գտնվող 133Ցեզիումի ատոմի երկու գերբարակ մակարդակների միջև անցմանը համապատասխանող ճառագայթման 9 192 631 770 պարբերություններին հավասար ժամանակահատվածին։ UTC ժամանակի համաշխարհային կոորդինացման սանդղակի (հիմնված է ատոմային ժամանակի համաչափ սանդղակի վրա) համաձայնեցումը օրվա փոփոխվող տևողության հետ կատարվում է կոորդինացիոն վայրկյանի օգնությամբ, որն ավելացվում է Երկրի պտտման միջազգային ծառայության հրահանգով։

Օրվա մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրվա մասերի հայկական անունների հիմքում ընկած է օրվա այդ պահի լուսավորվածությունը կամ ջերմության աստիճանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Weisstein, Eric W. (2007). «Day». Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
  2. 2,0 2,1 Weisstein, Eric W. (2007). «Solar Day». Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
  3. «day – Definition of day in English by Oxford Dictionaries». Oxford Dictionaries – English.(չաշխատող հղում)
  4. «day» – via The Free Dictionary.
  5. «Definition of DAY». www.merriam-webster.com.
  6. 6,0 6,1 6,2 «Время, системы измерения». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Положение о единицах величин, допускаемых к применению в Российской Федерации. Արխիվացված 2013-11-02 Wayback Machine Утверждено Постановлением Правительства РФ от 31 октября 2009 г. № 879
  8. : «Unit of time (second)». SI Brochure. BIPM. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  9. Селешников С. И. История календаря и хронология. — М.: Наука, 1970. — С. 111. — 224 с. — 11 000 экз.
  10. Дерек Хауз. Гринвичское время и открытие долготы. Нулевой меридиан
  11. «Погода и Климат - FAQ по сайту». www.pogodaiklimat.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. «Одна из старых карт часовых поясов мира, где показана нумерация часовых поясов от I до XXIV». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. «Астрономия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Бикерман Э. Хронология древнего мира. Ближний Восток и античность. – М., 1976. – С. 11–12.
  15. 15,0 15,1 И. Н. Гансвинд «Время как цикл. Почему циферблат часов размечен цифрами от 1 до 12» Արխիվացված 2008-01-17 Wayback Machine
  16. Л. В. Черепнин. Русская хронология, § 14. Сутки и их деление
  17. Эрколе Зани, 1678.
  18. Д. Прозоровский «День, в древней Руси». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  19. Историко-астрономические исследования, XII / Отв. ред. Л. Е. Майстров // А. И. Володарский «Астрономия в Древней Индии». — М., Наука, 1975
  20. Shelly H. Wu. (2005). Chinese Astrology. Publisher: The Career Press, ISBN 1-56414-796-7
  21. «А. Лапин «Календари древних египтян и майя»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  22. Paléo-Astronomie (archive), J.Kovalesky Bureau des Longitudes.
  23. Дендрохронологический метод датировки (medbiol.ru)
  24. Миллиард лет назад земной год длился 540 дней («Известия», 15 июля 2003)
  25. Андрей Журавлев Письмо месяца // Популярная механика. — 2017. — № 7. — С. 12.
  26. «NASA — NASA Details Earthquake Effects on the Earth». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օր» հոդվածին։